Մեկնարկեց «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը

Օգոստոսի 5-ին մեկնարկեց «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը կտևի շուրջ մեկ ու կես ամիս։ Վերազինման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կիրականացնի ամերիկյան հայտնի General Electric ընկերությունը։ Ծրագրի արժեքը կազմում է 18,8 մլն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գազատուրբինի, այդ թվում՝ օդի կոմպրեսորի կապիտալ նորոգում։ Արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսը 258,1 գր/կՎտժ-ից կնվազի մինչև 252,8 գր/կՎտժ-ի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։
Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:
Հիշեցնենք, որ Երևանի Համակցված Շոգեգազային Ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով, գործարկվել և մտցվել է առևտրային շահագործման մեջ 2010թ. ապրիլի 21-ին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ: Այն ամենաարդյունավետն է տարածաշրջանում։ Էներգաբլոկի արտադրած էլեկտրական էներգիայի սակագինը 1,5-1,6 անգամ ցածր է Հայաստանի այլ ջերմաէլեկտրակայանների սակագներից և կազմում է շուրջ 29 դրամ/կՎտ/ժ:

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia