«Երևանի ՋԷԿ» ձեռնարկությունը հիմնադրվել է 1963 թվականին: 1997 թվականին ստեղծվել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը:
Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի նախագծման աշխատանքները սկսվել են 1959 թվականին Խորհրդային Միության «Տեպլոէլեկտրոպրոյեկտ» ինստիտուտի կողմից: Այն որոշվել է կառուցել Հայաստանի արդյունաբերական էներգատար կենտրոններից մեկում՝ Երևանի հարավային արդյունաբերական հանգույցում: Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի շինարարությունը սկսվել է 1961 թվականին: Երևանի ՋԷԿ -ի թվով յոթ տուրբոագրեգատներից առաջինը՝ 50 ՄՎտ հզորությամբ առաջին տուրբինային տեղակայանքը շահագործման է հանձնվել 1963 թվականին, իսկ վերջինը՝ 1967 թվականին:
Փաստորեն, Հայաստանում մեծ ջերմաէներգետիկան ծնունդ է առել 1963 թվականին Երևանի ՋԷԿ-ի գործարկումով: Այդ ժամանակ Երևանի ՋԷԿ-ն իրենից ներկայացնում էր 300 ՄՎտ հզորությամբ բլոկային մասից (երկու К-150-130 կոնդենսացիոն տիպի էներգաբլոկներ, երկու ТГМ-94 կաթսայական ագրեգատներ յուրաքանչյուրը 500 տ/ժ արտադրողականությամբ) և 250 ՄՎտ էլեկտրական և 630 ԳԿալ/ժ ջերմային հզորությամբ ոչ բլոկային մասից (չորս ПТ-50-130/13 և մեկ Р-50-130/13 ջերմաֆիկացիոն տիպի տուրբիններ, հինգ ТГМ-84 կաթսայական ագրեգատներ՝ յուրաքանչյուրը 420 տ/ժ արտադրողականությամբ) բաղկացած խառը տիպի կայան՝ ունենալով ընդհանուր առմամբ 7 ագրեգատ 550 ՄՎտ էլեկտրական և 630 ԳԿալ/ժ ջերմային հզորություն: Կառուցման ծախսերի նվազեցման նպատակով կատարվել էր եզակի նախագծային մոտեցում. ընտրվել էր բաց տիպի հարմարադասավորում, սակայն էլեկտրակայանի հետագա շահագործման ընթացքում պարզվեց, որ տեղի բնակլիմայական պայմաններում դա տնտեսապես աննպատակահարմար լուծում էր:
Շահագործման մեջ լինելով ավելի քան 40 տարի` էլեկտրակայանի ագրեգատները և օժանդակ սարքավորումները ենթարկվել են ֆիզիկական և բարոյական էական մաշվածության՝ սպառելով իրենց աշխատանքային նորմատիվային պաշարները, որի հետևանքով բնականաբար զգալիորեն ընկել է կայանի շահագործման հուսալիությունը և էլեկտրական ու ջերմային էներգիայի արտադրության արդյունավետությունը: Բավական է միայն նշել, որ յուրաքանչյուր կվտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար կայանում ծախսվում էր մոտ 372 գրամ պայմանական վառելիք` պարտադրելով էլեկտրաէներգիայի բավականին բարձր ինքնարժեք:

 

Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան (ՀՇԳՑԷ)

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ–ի ղեկավարությունը բնական գազի այրմամբ գերժամանակակից համակցված շոգեգազային ցիկլով աշխատող նոր էներգաբլոկի կառուցման միջոցով ձեռնամուխ են եղել Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրի իրականացմանը: Այդ նպատակով երկարատև բանակցություններից հետո և ծանրակշիռ հիմնավորումների ներկայացման արդյունքում 2005թ. մարտի 29-ին Հայաստանի հանրապետության կառավարության և միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի (ՄՀՃԲ) (ներկայումս՝ ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն՝ ՃՄՀԳ) միջև ստորագրվել է ARM-P2 Փոխառության Համաձայնագիրը «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի» իրականացման վերաբերյալ: Նշված համաձայնագրի հիման վրա ՄՀՃԲ -ն ՀՀ կառավարությանը տրամադրել է զարգացման պետական աջակցության (ԶՊԱ) վարկ արտոնյալ պայմաններով՝ 0,75 % տարեկան տոկոսադրույքով և 40 տարի մարման (որից 10 տարին արտոնյալ) ժամկետով` հատկացնելով 15 918 միլիոն ճապոնական իեն: Համաձայնագիրը վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2005թ. հուլիսի 27-ին:
Համաձայնագրով նախատեսվում էր հանրապետության մայրաքաղաքի միակ ջերմաէլեկտրակայանին հարակից տարածքում կառուցել գերժամանակակից, բարձրարտադրողական, բարձրարդյունավետ, բնապահպանական տեսակետից ավելի անվտանգ, լրիվ ավտոմատ կառավարմամբ համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայան 205 ՄՎտ անվանական հզորությամբ և 103 ԳԿալ/ժ ջերմության առաքմամբ, որի նպատակն էր բարձրացնել ՀՀ -ում էլեկտրաէներգիայի մատակարարման հզորությունը և նպաստել Հայաստանի հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանմանը:
Ինչպես պահանջվում է ՀՀ օրենսդրությամբ և ճապոնական ԶՊԱ վարկերի շրջանակներում նախագծերի իրագործման համար ՄՀՃԲ –ի ցուցումներին համապատասխան, նախագծի Խորհրդատուի և գլխավոր Կապալառուի ընտրություններն իրականացվել են միջազգային մրցույթների միջոցով: Նպատակ ունենալով ապահովել մրցութային առաջարկների գնահատման բարձր արդյունավետություն ու գնահատման ստույգ և արժանահավատ արդյունքներ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ -ի ղեկավարությունը պարբերաբար անցկացրել է համապատասխան մասնագիտական սեմինարներ:
Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) նախագծի իրականացման համար որպես Խորհրդատու ընտրվել է ճապոնական «Tokyo Electric Power Service Co., Ltd.» (TEPSCO) ընկերությունը, որն արտասահմանում համանման էլեկտրակայանների կառուցման մեծ փորձ ունի: 2005թ. դեկտեմբերի 12-ին «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի և «TEPSCO» խորհրդատվական ընկերության միջև ստորագրվել է խորհրդատվական ծառայությունների տրամադրման վերաբերյալ No.YCCPP C/S 01 պայմանագիր 843 150 000 ճապոնական իեն գումարով:
Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (ՀՇԳՑԷ) նախագծի համար Գլխավոր կապալառուի ընտրության մրցույթում հաղթող է ճանաչվել «Mitsui & Co., LTD» (Ճապոնիա) և «GS Engineering and Construction Corp.» (Կորեայի Հանրապետություն) ընկերություններից կազմված կոնսորցիումը, որի հետ էլ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ -ն 2007թ. սեպտեմբերի 30 –ին կնքել է Գլխավոր կապալի No. YCCPP ARM-P2 TK/C 06 001 CA պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2007թ. դեկտեմբերի 21-ին: Որպես կայանի կարևորագույն բաղադրամասերի (գազատուրբին, գեներատոր և օժանդակ սարքավորումներ) արտադրող՝ Երևանի ՀՇԳՑԷ նախագծի համար տեխնիկական առաջատար է հանդես եկել շվեյցարական հեղինակավոր «ALSTOM» ընկերությունը:
Մրցույթի արդյունքում Գլխավոր կապալի պայմանագրային բանակցությունների ժամանակ Պայմանագրի գինը կազմել է 24 538 081 000 ճապոնական իեն: Քանի որ Փոխառության Համաձայնագրով շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարը բավարար չէր, իսկ Երևանի ՀՇԳՑԷ նախագծի իրականացումը խիստ կարևոր էր Հայաստանի Հանրապետության համար, ՀՀ կառավարությունը դիմեց ՄՀՃԲ -ին Համաձայնագրում փոփոխություն կատարելու՝ գումարի ավելացման խնդրանքով: 2008թ. մայիսի 27-ին ստորագրվեց ARM-P2 Փոխառության Համաձայնագրի փոփոխությունը, որի համաձայն ՄՀՃԲ -ն ավելացրեց հատկացվող գումարի չափը 10 491 միլիոն ճապոնական իենով: Այսպիսով վարկի ընդհանուր գումարը կազմեց 26 409 միլիոն ճապոնական իեն:
Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցման աշխատանքների հիմնարկեքը տեղի է ունեցել 2008թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի, ՀՀ –ում Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի, «GS Engineering & Construction Corp.» ընկերության նախագահի, «Mitsui & Co., LTD» ընկերության փոխնախագահի և «TEPSCO» ընկերության նախագահի, ինչպես նաև ՀՀ նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ:
2010թ. ապրիլի 21-ին տեղի է ունեցել Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի շահագործման հանձնման պաշտոնական արարողությունը:
Այսպիսով, Երևանի ՀՇԳՑ էներգաբլոկի կառուցումն իրականացվեց «բանալի» սկզբունքով (նախագծումից մինչև շահագործման հանձնում)` 28 ամսվա ընթացքում՝ նախագծի իրականացման համար ՄՀՃԲ-ի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն: Նման բան, ինչպես ՄՀՃԲ –ի համապատասխան պաշտոնյաներն ու փորձագետներն են նշում, հազվադեպ է տեղի ունենում ՃՄՀԳ ԶՊԱ վարկերի շրջանակներում իրականացվող բարդ նախագծերի դեպքում:
Երևանի ՀՇԳՑ նոր էներգաբլոկն ունի հետևյալ տեխնիկական բնութագրերը.
Դրվածքային ընդհանուր հզորությունը՝ 271,7 ՄՎտ, որից էլեկտրականը՝ 242ՄՎտ, ջերմային հզորությունը՝ 434,9 Գջ/ժ:

 

Հիմնական սարքավորումներն են՝
Շվեյցարական «Alstom» ընկերության արտադրության GT13E2 MXL տիպի գազատուրբին 179,9 ՄՎտ դրվածքային հզորությամբ, շահագործման երկու ռեժիմներով, 36,4% օգտակար գործողության գործակցով:
Ճապոնական «Fuji» ընկերության արտադրության ջերմաֆիկացիոն շոգետուրբին 63 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ, 103,7 Գկալ/ժ ջերմային էներգիայի առաքմամբ:
Կորեական «SEC» ընկերության արտադրության ջերմության վերականգնման շոգեգեներատոր (ՋՎՇԳ) երկակի ճնշմամբ:
Նոր էներգաբլոկում պայմանական վառելիքի տեսակարար միջին ծախսը կազմում է մոտ 200 գ/կՎտժ՝ կախված շահագործման ռեժիմներից, այսինքն Հայաստանում գործող ավանդական ջերմաէլեկտրակայանների համեմատությամբ նոր էներգաբլոկը մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսում է մոտ երկու անգամ պակաս վառելիք (բնական գազ): Նշված հանգամանքն առանձնահատուկ ու վճռական նշանակություն է ստանում՝ նկատի առնելով բնական գազի գնի անընդհատ բարձրացումը:
Նոր էներգաբլոկը կապահովի ՀՀ էներգահամակարգի ավելի բարձր հուսալիություն, աշխատանքային առավելագույն ռեժիմներում բեռի գրաֆիկի ավելի լավ ծածկում, էլեկտրաէներգիայի փոխհոսքերի օպտիմալացում՝ կրճատելով էլեկտրական էներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում:
Նոր էլեկտրակայանի շահագործման ու տեխնիկական սպասարկման անձնակազմն անհամեմատ փոքրաթիվ է: Էլեկտրակայանի կառավարումն աշխատանքային բոլոր ռեժիմներում լիովին ավտոմատացված է: Նախատեսված է կայանի միացման հնարավորությունը նորագույն «SCADA» համակարգի հետ:
Ներդրվող նոր տեխնոլոգիաների շնորհիվ բարձրացել է կայանի ընդհանուր օգտակար գործողության գործակիցը՝ հասնելով մոտ 70 % -ի, շուրջ երկու անգամ նվազել է վառելիքի տեսակարար ծախսը, տասնյակ անգամ կրճատվել են ծծմբական թթվի և կաուստիկ սոդայի ծախսվող քանակները: Զգալիորեն նվազել է արտանետումների մակարդակը: Այսպես՝ ազոտի օքսիդներինը (NOx) նվազել է 9 անգամ, ածխաթթու գազինը (CO2)՝ ավելի քան 2 անգամ, ածխածնի օքսիդինը (CO)՝ մոտ 38 անգամ, ինչպես նաև խմելու որակի ջրի ծախսը՝ ավելի քան 3 անգամ:
Հանդիսանալով հանրապետության մայրաքաղաքի միակ ջերմաէլեկտրակայանը, Երևանի ՋԷԿ-ը երկար տարիներ ի վեր ապահովել է Երևանի հարավային արդյունաբերական շրջանի ձեռնարկությունների տեխնոլոգիական մատակարարումը 25 և 13 մթնոլորտ ճնշման գոլորշիով, ինչպես նաև Շենգավիթ և Էրեբունի համայնքների բնակելի թաղամասերի կենտրոնացված ջեռուցումը տաք ջրի մատակարարման միջոցով: Վերակառուցումից հետո այն շատ ավելի արդյունավետ կերպով կծառայի Հայաստանի հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման կարևորագույն առաքելությանը:

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia