Արխիվ

26
Նոյեմբերի 2018
«General Electric»-ի հետ քննարկվել են նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
  • Դիտումներ 0

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 23-ին ընդունել է ամերիկյան հայտնի «General Electric» ընկերության պատվիրակությանը՝ աշխատանքային խմբի ղեկավար Մաքսիմ Կուլագինի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը։ Քննարկվել են «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկում իրականացված վերազինման և կապիտալ նորոգման ծրագրի արդյունքները, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։
Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ պատվիրակության ղեկավարը նախարարին փոխանցել է, որ էներգաբլոկի վերազինման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են նախատեսված բոլոր աշխատանքները, ինչից հետո կայանը բարեհաջող վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Վերազինման ծրագրի արդյունքում առնվազն 7 ՄՎտ-ով ավելացել է կայանի հզորությունը, 1 տոկոսով էլ՝ օգտակար գործողության գործակիցը։ Կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը նախկին 4-ից դարձել է 6 տարի։
Գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքների կապակցությամբ՝ նախարարի պաշտոնակատարը կարևորել է իրականացված վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը, որը հնարավորություն է տվել զգալիորեն բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունը։
Քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման եւ այլ ծրագրերի իրականացման վերաբերյալ։

09
Հոկտեմբերի 2018
Ավարտվել է «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը. վերսկսվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
  • Դիտումներ 0

«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։
Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով ներկայումս էներգաբլոկը գտնվում է համալիր ռեժիմային կարգավորման փուլում։
Հիշեցնենք, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը։ Կերկարաձգվի նաև կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։
Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսին են՝ ամերիկյան «General Electric»-ը և ճապոնական «FUJI Electric»-ը։
Նշենք նաև, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:

26
Սեպտեմբերի 2018
Քննարկվել են գազ-էլեկտրաէներգիա ծրագրի իրականացման հետ կապված հարցեր
  • Դիտումներ 0

«Երևանի ՋԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության «Թավանիր» և Իրանի գազի ազգային ընկերությունների պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի քարտուղար Արա Սիմոնյանը։ Քնննարկվել են էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցության, մասնավորապես գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի հետ կապված հարցեր։
Ողջունելով հյուրերին՝ Սասուն Խաչատարյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է էլեկտրաէներգիա բնական գազի դիմաց ծրագիրը։ Այն լուրջ տեղ է գրավում հայ-իրանական առևտրային հարաբերություններում։
Ծրագրի ընդլայնման և փոխանակումների ավելացման գործում «Երևանի ՋԷԿ»-ի գլխավոր տնօրենն առանձնացրել է Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նշանակությունը.


-Գծի շահագործումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել ծրագիրը և փոխշահավետ համագործակցությունը։ Մինչ այդ, պետք է փորձել առավելագույնս օգտագործել առկա հզորությունները,-ասել է Սասուն Խաչատրյանը։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրությունն ներկայացնող բազմաթիվ հարցեր։ Անդրադարձ է կատարվել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի իրականացման ընթացքին, աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, մատակարարումների ծավալներին, հետագա համագործակցության հեռանկարներին։

06
Օգոստոսի 2018
Մեկնարկեց «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը
  • Դիտումներ 0

Օգոստոսի 5-ին մեկնարկեց «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը կտևի շուրջ մեկ ու կես ամիս։ Վերազինման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կիրականացնի ամերիկյան հայտնի General Electric ընկերությունը։ Ծրագրի արժեքը կազմում է 18,8 մլն եվրո։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել գազատուրբինի, այդ թվում՝ օդի կոմպրեսորի կապիտալ նորոգում։ Արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսը 258,1 գր/կՎտժ-ից կնվազի մինչև 252,8 գր/կՎտժ-ի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1 տոկոսով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։
Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:
Հիշեցնենք, որ Երևանի Համակցված Շոգեգազային Ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով, գործարկվել և մտցվել է առևտրային շահագործման մեջ 2010թ. ապրիլի 21-ին: Էներգաբլոկի դրվածքային էլեկտրական հզորությունը կազմում է 243 ՄՎտ, ջերմային հզորությունը` շուրջ 434 ԳՋոուլ/ժ: Այն ամենաարդյունավետն է տարածաշրջանում։ Էներգաբլոկի արտադրած էլեկտրական էներգիայի սակագինը 1,5-1,6 անգամ ցածր է Հայաստանի այլ ջերմաէլեկտրակայանների սակագներից և կազմում է շուրջ 29 դրամ/կՎտ/ժ:

21
Մայիսի 2018
Վերազինումը կնպաստի «Երևանի ՋԷԿ»-ի արտադրական ցուցանիշների բարելավմանը
  • Դիտումներ 0

Այս տարվա օգոստոսին կմեկնարկի «Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման ծրագիրը, որը թույլ կտա բարելավել կայանի աշխատանքի արդյունավետությունը։ Կկրճատվի մասնավորապես էլեկտրաէներգիայի արտադրության համար օգտագործվող բնական գազի տեսակարար ծախսը։ Կավելանա նաև էներգաբլոկի հզորությունը։
Տեխնիկական վերազիման արդյունքում ակնկալվում է, որ շուրջ 7 ՄՎտ-ով կհամալրվի կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսերը 258,1 գր/կՎտժ-ից կնվազեն մինչև 252,8 գր/կՎտժի, էներգաբլոկի ՕԳԳ-ն կբարձրանա 1%-ով, էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. ԿՎտ. Ժ-ով, որը գործող սակագնի պայմաններում համարժեք է ավելի քան 1,2 մլրդ դրամի։
Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի, որը կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը:
Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին:

18
Ապրիլի 2018
Հանձնաժողովը հավանություն է տվել «Երևանի ՋԷԿ»-ի 2018թ. ներդրումային ծրագրին
  • Դիտումներ 0

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ապրիլի 18-ին կայացած նիստում հավանություն է տվել «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի ներդրումային ծրագրին։ Ըստ այդմ, ընկերության բնականոն գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է այս տարի իրականացնել 254.33 մլն դրամի ներդրումներ` առանց ավելացված արժեքի հարկի։
Ներդրումային ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները. սարքավորումների ձեռքբերում և տեղակայում՝ 84.60 մլն դրամ, ավտոտրանսպորտային միջոցների ձեռքբերում՝ 59.10 մլն դրամ, hամակարգչային տեխնիկայի ձեռքբերում` 13.55 մլն դրամ, խմելու ջրի խողովակաշարի վերակառուցում՝ 81.20 մլն դրամ, հիմնական միջոցների շտրիխ-կոդավորման համակարգի ներդրում՝ 10.83 մլն դրամ, աշխատակիցների հաշվառման համակարգի ստեղծում՝ 3.80 մլն դրամ և գրասենյակային գույքի ձեռքբերում՝ 1.25 մլն դրամ։

09
Ապրիլի 2018
Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրը ընթացքում է
  • Դիտումներ 0

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիրը։ Ծրագրի նպատակն է վերակառուցել ավելի քան 30 տարի շահագործման մեջ գտնվող ենթակայանը: Վերակառուցումը կնպաստի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականության կրճատմանը, կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի անվտանգությունը և աշխատանքի հուսալիությունը:
Այժմ ընթանում են շինարարական, ապրանքների ու հիմնական սարքավորումների ներկրման աշխատանքներ: Մասնավորապես ներկրվել են 200 ՄՎա ավտոտրանսֆորմատորը, 2 հատ 27,5 ՄՎա տրանսֆորմատորները, 220 կՎ և 110 կՎ պորտալները, անջատիչները, բաժանիչները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով, մնացած սարքավորումների մեծ մասը գտնվում են ճանապարհին կամ պատրաստ են առաքման։ Ավարտվում են հիմքերի պատրաստման, հողանցման կոնտուրի և դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ է հիմնական կառավարման և 35 կՎ ենթակայանի շենքերի շինարարությունը:
Միաժամանակ իրականացվում են նաև ներկրված պորտալների տեղակայման, սարքավորումների մետաղական կոնստրուկցիաների հավաքակցման և մոնտաժի նախապատրաստման աշխատանքները։

29
Մարտի 2018
«Երևանի ՋԷԿ»-ի պահեստամասերը ձեռք կբերվեն անմիջապես արտադրողից
  • Դիտումներ 0

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 29-ին կայացած նիստում կառավարությունը համաձայնություն է տվել շահագործման և նորոգման ընթացքում օգտագործվող ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել անմիջապես արտադրողից կամ նրա լիազոր ներկայացուցչից։
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել այն, որ էներգաբլոկի տեխնոլոգիական ցիկլում ներառված հիմնական և օժանդակ սարքավորումները տարբեր արտասահմանյան ընկերությունների գործարանային համարակալումով արտադրանքներ են՝ պատրաստված սեփական նախագծերի և մշակման մեթոդաբանության հիման վրա: Ակնհայտ է, որ արդեն տեղակայված սարքավորումների տեխնիկական սպասարկման, ընթացիկ և կապիտալ նորոգումների իրականացման համար պահեստամասերի և ինժեներական վերահսկողության ծառայությունների ձեռք բերման լավագույն աղբյուրը, առաջին հերթին, հանդիսանում է արտադրող գործարանը կամ նրա կողմից ներկայացված լիազորված կազմակերպությունը:


Լինելով Հայաստանի էներգահամակարգի բազիսում աշխատող կայան, «Երևանի ՋԷԿ»-ը ապահովում է էներգահամակարգի սպառման ավելի քան 20 տոկոսը։ Հետևաբար էներգաբլոկի սարքավորումների հետագա հուսալի և անխափան շահագործումն ապահովելու համար խիստ կարևոր է պահեստամասերի ձեռք բերումն իրականացնել արտադրող գործարաններից ուղիղ գնման ձևով։ Հակառակ պարագայում առկա է բավականին մեծ ռիսկ՝ ձեռք բերել խոտանված կամ գործարանային տեխնոլոգիային չհամապատասխանող որակի պահեստամաս, քանի որ միայն գործարանում է հնարավոր իրականացնել որակի անհրաժեշտ հսկողություն։
Անորակ կամ անհայտ ծագմամբ պահեստամասերի օգտագործման վտանգը կապված է ոչ միայն կրկնակի նորոգում անցկացնելու և կրկին պահեստամաս փոխարինելու հանգամանքով, այլև ամբողջ ագրեգատը վնասելու մտահոգությամբ։ Մյուս կողմից՝ եթե նույնիսկ հնարավոր լինի վթարային ընթացակարգով ձեռք բերել պահեստամասերը, ապա դրանց մատակարարումը (Ճապոնիա, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ավստրալիա, ԱՄՆ և այլն) կտևի նվազագույնը 10–15 օր։ Այդ ընթացքում էներգաբլոկում էլեկտրաէներգիայի թերարտադումը կկազմի 45-75 մլն կՎտժ, ինչը դրամային արտահայտմամբ կազմում է մոտ 1– 1,5 մլրդ դրամ։
Հաշվի է առնվել նաև այն, որ որոշ պահեստամասեր արտադրվում են միայն պատվերի առկայության դեպքում և դրանց մի մասի արտադրությունը տևում է մինչև յոթ ամիս։
Նկատի ունենալով, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ՀՇԳՑ էներգաբլոկի գործարկման պահից ի վեր բոլոր պահեստամասերը և ինժեներական վերահսկողության ծառայությունները ձեռք են բերվել արտադրող գործարաններից, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովվել բավականին բարձր հուսալիություն և նորոգումների որակ, կառավարությունը նպատակահարմար է համարել շարունակել աշխատանքի նույն ընթացակարգը, հաշվի առնելով նաև 2018թ. նախատեսված էներգաբլոկի կապիտալ նորոգումը և գազատուրբինային տեղակայանքի նախատեսված MXL2 մոդեռնիզացիան։

ԱՌԱՎԵԼ ԴԻՏՎԱԾՆԵՐԸ

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia