«Երևանի ՋԷԿ»-ի պահեստամասերը ձեռք կբերվեն անմիջապես արտադրողից

«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի հուսալի և անվտանգ շահագործման անհրաժեշտությունից ելնելով՝ մարտի 29-ին կայացած նիստում կառավարությունը համաձայնություն է տվել շահագործման և նորոգման ընթացքում օգտագործվող ապրանքները, աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել անմիջապես արտադրողից կամ նրա լիազոր ներկայացուցչից։
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել այն, որ էներգաբլոկի տեխնոլոգիական ցիկլում ներառված հիմնական և օժանդակ սարքավորումները տարբեր արտասահմանյան ընկերությունների գործարանային համարակալումով արտադրանքներ են՝ պատրաստված սեփական նախագծերի և մշակման մեթոդաբանության հիման վրա: Ակնհայտ է, որ արդեն տեղակայված սարքավորումների տեխնիկական սպասարկման, ընթացիկ և կապիտալ նորոգումների իրականացման համար պահեստամասերի և ինժեներական վերահսկողության ծառայությունների ձեռք բերման լավագույն աղբյուրը, առաջին հերթին, հանդիսանում է արտադրող գործարանը կամ նրա կողմից ներկայացված լիազորված կազմակերպությունը:


Լինելով Հայաստանի էներգահամակարգի բազիսում աշխատող կայան, «Երևանի ՋԷԿ»-ը ապահովում է էներգահամակարգի սպառման ավելի քան 20 տոկոսը։ Հետևաբար էներգաբլոկի սարքավորումների հետագա հուսալի և անխափան շահագործումն ապահովելու համար խիստ կարևոր է պահեստամասերի ձեռք բերումն իրականացնել արտադրող գործարաններից ուղիղ գնման ձևով։ Հակառակ պարագայում առկա է բավականին մեծ ռիսկ՝ ձեռք բերել խոտանված կամ գործարանային տեխնոլոգիային չհամապատասխանող որակի պահեստամաս, քանի որ միայն գործարանում է հնարավոր իրականացնել որակի անհրաժեշտ հսկողություն։
Անորակ կամ անհայտ ծագմամբ պահեստամասերի օգտագործման վտանգը կապված է ոչ միայն կրկնակի նորոգում անցկացնելու և կրկին պահեստամաս փոխարինելու հանգամանքով, այլև ամբողջ ագրեգատը վնասելու մտահոգությամբ։ Մյուս կողմից՝ եթե նույնիսկ հնարավոր լինի վթարային ընթացակարգով ձեռք բերել պահեստամասերը, ապա դրանց մատակարարումը (Ճապոնիա, Հնդկաստան, Հարավային Կորեա, Ավստրալիա, ԱՄՆ և այլն) կտևի նվազագույնը 10–15 օր։ Այդ ընթացքում էներգաբլոկում էլեկտրաէներգիայի թերարտադումը կկազմի 45-75 մլն կՎտժ, ինչը դրամային արտահայտմամբ կազմում է մոտ 1– 1,5 մլրդ դրամ։
Հաշվի է առնվել նաև այն, որ որոշ պահեստամասեր արտադրվում են միայն պատվերի առկայության դեպքում և դրանց մի մասի արտադրությունը տևում է մինչև յոթ ամիս։
Նկատի ունենալով, որ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ ՀՇԳՑ էներգաբլոկի գործարկման պահից ի վեր բոլոր պահեստամասերը և ինժեներական վերահսկողության ծառայությունները ձեռք են բերվել արտադրող գործարաններից, ինչի արդյունքում հնարավոր է եղել ապահովվել բավականին բարձր հուսալիություն և նորոգումների որակ, կառավարությունը նպատակահարմար է համարել շարունակել աշխատանքի նույն ընթացակարգը, հաշվի առնելով նաև 2018թ. նախատեսված էներգաբլոկի կապիտալ նորոգումը և գազատուրբինային տեղակայանքի նախատեսված MXL2 մոդեռնիզացիան։

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia