Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի կառուցման ծրագիրը ընթացքում է

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագիրը։ Ծրագրի նպատակն է վերակառուցել ավելի քան 30 տարի շահագործման մեջ գտնվող ենթակայանը: Վերակառուցումը կնպաստի 220/110/35 կՎ ենթակայանի սարքավորումների խափանումների հաճախականության կրճատմանը, կբարձրանա ենթակայանի, ինչպես նաև էներգահամակարգի անվտանգությունը և աշխատանքի հուսալիությունը:
Այժմ ընթանում են շինարարական, ապրանքների ու հիմնական սարքավորումների ներկրման աշխատանքներ: Մասնավորապես ներկրվել են 200 ՄՎա ավտոտրանսֆորմատորը, 2 հատ 27,5 ՄՎա տրանսֆորմատորները, 220 կՎ և 110 կՎ պորտալները, անջատիչները, բաժանիչները:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ Վարդան Մարտիրոսյանի խոսքով, մնացած սարքավորումների մեծ մասը գտնվում են ճանապարհին կամ պատրաստ են առաքման։ Ավարտվում են հիմքերի պատրաստման, հողանցման կոնտուրի և դրենաժային համակարգի կառուցման աշխատանքները: Ընթացքի մեջ է հիմնական կառավարման և 35 կՎ ենթակայանի շենքերի շինարարությունը:
Միաժամանակ իրականացվում են նաև ներկրված պորտալների տեղակայման, սարքավորումների մետաղական կոնստրուկցիաների հավաքակցման և մոնտաժի նախապատրաստման աշխատանքները։

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia