Ավարտվել է «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը. վերսկսվել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։
Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով ներկայումս էներգաբլոկը գտնվում է համալիր ռեժիմային կարգավորման փուլում։
Հիշեցնենք, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը, ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը։ Կերկարաձգվի նաև կայանի կապիտալ նորոգման իրականացման ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։
Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել այնպիսի հայտնի ընկերություններ, ինչպիսին են՝ ամերիկյան «General Electric»-ը և ճապոնական «FUJI Electric»-ը։
Նշենք նաև, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia