«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման» շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման ծրագիր

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման» շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման ծրագիր

Նոր` ՀՇԳՑ էներգաբլոկի անխափան և օգտակար գործունեությունն ապահովելու համար, Ընկերության առաջ խնդիր դրվեց կառուցել նոր ենթակայան, քանի որ հին ենթակայանն այլևս ի զորու չէր լիարժեք սպասարկում իրականացնել: Անվտանգ և հուսալի էներգամատակարարում ապահովելու համար «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի կողմից իրականացվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. ապրիլի 8-ին կնքված №8495-AM վարկային համաձայնագրի ներքո «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման» շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցման ներդրումային ծրագիրը: Ծրագրի իրականացումը մեկնարկեց 2017թ.-ին և շահագործման հանձնվեց 2019թ.-ի ընթացքում: Ծրագրի նպատակն է բարելավել և հզորացնել ՀՀ Էլեկտրահաղորդման ցանցը:


Ծրագրի հիմնական ուղղությունը, որն իրականացվել է Ընկերության կողմից, հանդիսանում էր Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ ենթակայանի վերակառուցումը, ներառյալ հիմնական սարքավորումների ամբողջական փոխարինումը, վերահսկողության և տվյալների ձեռքբերման համակարգի (SCADA) տեղադրումը, կառավարման սենյակների համար նոր շենքի կառուցումը, ՀՇԳՑ էներգաբլոկի հետ կառավարման և պաշտպանության մալուխների էստակադայի տեղափոխումը և վերամիացումը, նշված ենթակայանից էլեկտրաէներգիայի մատակարարման համար պահանջվող հաղորդման օդային գծերի վերամիացումը, պաշտպանության և ավտոմատիկայի սարքերի միացումը նոր տրանսֆորմատորային սարքերի հետ:


Ծրագրի շրջանակներում վերակառուցվել է Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 կՎ էլեկտրական ենթակայանը, որը կառուցվել է 1962թ. և աշխատելով ավելի քան 50 տարի, բարոյապես և ֆիզիկապես մաշված էր, ինչի պատճառով վթարները շատացել էին և ցածր էր էներգաբլոկի օգտակար գործողության գործակիցը: Ենթակայանը միակ կապող օղակն է համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի և էներգահամակարգի միջև, հետևապես ենթակայանի հուսալիությամբ է պայմանավորված էներգաբլոկի անխափան աշխատանքը և արտադրված էլեկտրաէներգիայի անխափան հաղորդումը էներգահամակարգին: Արդյունքում Ծրագրի իրականացումը նպաստել է ենթակայանում վթարային դեպքերի նվազեցմանը և էլեկտրահաղորդման ցանցի և համակարգի հուսալիության բարելավմանը:


Ենթակայանի տեղակայման և մոնտաժման աշխատանքները իրականացվել են հայկական ենթակապալառուների կողմից՝ Իսպանական ընկերության գլխավորությամբ․ ենթակայանը հանդիսանում է համաշխարհային արտադրության արդյունք: Չնայած նրան, որ ծրագիրն իրականացվում էր նրանց կողմից, Ընկերության փորձառու և հմուտ մասնագետներն անմասն չէին մնում աշխատանքներից:
Ենթակայանը սկսած 2019թ հունիսի 13-ից գտնվում է թերությունների վերացման ետերաշխիքային սպասարկման ժամանակահատվածում` երկու տարի ժամկետով։ Վերջնական փուլից հետո ՀՀ էններգետիկ համակարգը կունենա գերժամանակակից ենթակայան` հագեցած նորագույն տեխնոլոգիաներով:

 

ԱՌԱՎԵԼ ԴԻՏՎԱԾՆԵՐԸ

+374 11 472 760

mailbox@ytpc.am

0053, Yerevan, Arin-Berdi St. 3rd Lane, 3 Bld., Armenia