ԳՈՐԾԱՐՔ
Ի՞նչ է գործարքը:
Գարծարքն անձանց այն գործողություններն են, որոնք քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու կամ դադարելու նպատակ ունեն:
Քանի՞ տեսակի են լինում գործարքները:
Գործարքները կարող են լինել միակողմ, երկկողմ կամ բազմակողմ: Կողմ ասելով հասկանում ենք գործարքի կնքման անձանց:
Գործարքի քանի՞ ձև է առկա:
Առկա է գործարքի երկու ձև՝ բանավոր և գրավոր:
Գրավոր գործարքի քանի՞ ձև է առկա:
Գրավոր գործարքն էլ իր հերթին բաժանվում է երկու ձևի՝ նոտարական վավերացում պահանջող և հասարակ գրավոր գործարք:
Գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:
Ո՞ր գործարքները կարող են կնքվել հասարակ գրավոր ձևով՝ չենթադրելով նոտարական վավերացում:
Հասարակ գրավոր ձևով կնքվում են բոլոր այն գործարքները, որոնք նոտարական վավերացում չեն պահանջում և գործարքի կողմերից թեկուզ մեկը նման պահանջ չի ներկայացրել:
Ի՞նչ հետևանքներ են առաջանում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու դեպքում:
Գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Իսկ ինչ վերաբերում է արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելուն, ապա նման դեպքում այն հանգեցնում է դրա անվավերության:
Ո՞ր գործարքներն են ենթակա նոտարական վավերացման:
- Նոտարական վավերացման պարտադիր կերպով ենթակա են այն գործարքները, որոնց համար օրենսդիրը սահմանել է նոտարական վավերացմամբ կնքվելու ձև:
- Այն գործարքները, որոնց համար օրենսդիրը թեպետ չի սահմանել նոտարական վավերացմամբ կնքվելու ձև, սակայն առկա է գործարքի կողմերից որևէ մեկի պահանջը այն նոտարական վավերացման ձևով կնքելու համար:
Ի՞նչ հետևանքներ են առաջանում գործարքի նոտարական ձևը չպահպանելու դեպքում:
Գործարքի նոտարական ձևը չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
Կարո՞ղ է արդյոք նոտարական վավերացում պահանջող և չվավերացված գործարքը դատական կարգով վավեր ճանաչվել:
Այո, եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կերպով կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի, գործարքը կատարած կողմի պահանջով, այն վավեր ճանաչել: Այդ դեպքում գործարքի հետագա նոտարական վավերացում չի պահանջվում:
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Ի՞նչ է պետական գրանցումը:
Պետական գրանցումը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացման ենթակա պարտադիր գործառույթ է, որն ուղղված է պետության կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների ճանաչման, ինչպես նաև պետության կողմից գույքի նկատմամբ գրանցված իրավունքների պաշտպանության, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների հավաքագրման, մատչելիության, օբյեկտիվության, անընդհատության ու միասնականության ապահովմանը:
Ո՞ր գործարնքներն են ենթակա պետական գրանցման:
Անշարժ գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Իսկ շարժական գույքի հետ կատարվող գործարքներից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` օրենսդրի կողմից նախատեսած դեպքերում:
Ի՞նչ հետևանքներ է առաջացնում պետական գրանցման պահանջը չպահպանելը:
Գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման պահանջը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Նման գործարքն առոչինչ է:
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ի՞նչ է պայմանագիրը (երկկողմ և բազմակողմ գործարք):
Պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Այսինք պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
Յյուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն: Գործարքի կնքման համար առաջնային նշանակություն ունեն «կամք» և «կամահայտնություն» հասկացությունները: «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը:
«Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է:
Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ:
Գործարքի առարկա կարող են լինել ինչպես նյութական առարկաները (օրինակ, առուվաճառքի պայմանագրի դեպքում` որոշակի ապրանքը, անշարժ գույքը), այնպես էլ որոշակի գործողությունները (օրինակ, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի դեպքում` ծառայություններ մատուցելը, կապալի պայմանագրի դեպքում` համապատասխան աշխատանքների կատարումը):



