ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է հայցային վաղեմությունը:
Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
Որքա՞ն է հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը:
Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 (երեք) տարի է:
Որքա՞ն են հայցային վաղեմության հատուկ ժամկետները:
Խախտված իրավունքի հիմքով պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Հայցային վաղեմության ժամկետները կարող են արդյո՞ք փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
Ոչ, հայցային վաղեմության ժամկետները և դրանց հաշվարկման կարգը սահմանվում են օրենքով և չեն կարող փոփոխվել կողմերի համաձայնությամբ:
Ու՞մ կողմից է կիրառվում հայցային վաղեմությունը:
Դատարանը անկախ հայցային վաղեմության ժամկետը լրանալուց քննության է ընդունում իրավունքի պաշտպանության մասին պահանջը և հայցային վաղեմություն է կիրառում միայն վիճող կողմի դիմումով:
Ի՞նչ է տեղի ունենում դատարանի կողմից հայցային վաղեմություն կիրառելու դեպքում:
Հայցային վաղեմություն կիրառելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին:
Արդյո՞ք հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով հայցային վաղեմության ժամկետները:
Այո, հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով (գրավ, տուժանք, պահում, երաշխավորություն, նախավճար) հայցային վաղեմության ժամկետը:
Օրենքով նախատեսված դեպքերում հայցային վաղեմության ժամկետները կարող են կասեցվել, ընդհատվել և վերականգնվել:
Ե՞րբ է ընդհատվում հայցային վաղեմության ժամկետի ընթացքը:
Հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով:
Ո՞ր պահանջների վրա հայցային վաղեմություն չի տարածվում:
Հայցային վաղեմություն չի տարածվում.
- Անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի
- Ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա
- Քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար
- Սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ
- Սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա
- Օրենքով սահմանված այլ պահանջների վրա
Օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը:
Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին:
Վերոգրյալից բխում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չի կարող սկսվել, եթե հայցվորին հասանելի տեղեկությունները նրան թույլ տան եզրակացնել միայն իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին:



